Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երեկվա հանճարեղ օրը

Երեկվա հանճարեղ օրը
21.05.2015 | 12:24

Իմացության տեսակետից ցնցող օր էր երեկ՝ ինչ ասես չիմացանք: Վարչապետի որդին հոր հետ խոսում է Դուք-ով, վարչապետը որդու հետ՝ խառը: Որդու դասարանով հավաքվել ու որոշել են, որ իրենց համադասարանցին քաղաքապետ դառնա: Ոնց է բերել Փարիզի բախտը, որ Արգամ Աբրահամյանը Արտաշատում է դպրոց գնացել: Երվանդ Զախարյանը ընդհանրապես տվեց-անցավ՝ նույնիսկ ինքն իրեն: ՀԷՑ-երում մի շաբաթ առաջ գողություն կար՝ հիմա չկա: Եթե կա էլ, փաստ չկա, փաստ էլ կա, բռնող չկա: Բայց դա հեչ: Իրանի հետ չենք բանակցել, բայց գիտենք՝ գազի գինը բարձր է: Չենք էլ բանակցի, որովհետև գիտենք: Չենք բանակցել, բայց բացառվում է, որ վաճառվի այն գնով, ինչ մենք ստանում ենք սահմանին: Մտքի մարգարիտներ՝ մեկը մեկից հանճարեղ: Գևորգ Կոստանյանն էլ նպատակահարմար չի համարում մարտի մեկից խոսել: Ոչ էլ Գյումրիից: Ասում է՝ աննախադեպ իրավիճակ է: Գոնե մի երկու բառ «Եվրատեսիլից» ասեր: Ասենք՝ եզրափակիչից առաջ:

Բայց այս ամենը խամրում է Երևան-Գորիս ճանապարհի դեպքերի տեղեկատվությունից: Ձախողված մահափորձ Գորիսի մարզպետի դեմ: Կրակել են մեքենայի վրա: Ինքն էլ մեքենայի մեջ էր: Վրիպել են: Հաստատ՝ վախեցնում էին: Դե մենք ո՛ւր, Ամերիկան ո՛ւր: Այնտեղ կրակում են՝ կպչում է, նախագահ են սպանում: Բայց դե այնտեղ էլ մեկ-մեկ վրիպում են՝ Քենեդուն կպավ, Ռեյգանին՝ չկպավ: Հիմա Գորիսի մարզպետը մեր Ռեյգանը դարձա՞վ: Զարուհի Փոստանջյանը տնով-տեղով կորավ: Դատախազը վաղը-մյուս օրը հաստատ խորհրդարան է մտնելու՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Առաջինը Սեյրան Սարոյանն է կողմ քվեարկելու, բայց դա էլ չի փրկի՝ մահափորձը չի բացահայտվի երբեք: Զարուհի Փոստանջյանին 72 ժամից բաց կթողնեն, որ Գոհար Ենոքյանի հետ տպավորություններով կիսվի, իսկ գործը հերթական աննախադեպը կդառնա: Կամ էլ՝ կպարզվի գիտական բանավեճ էր, պարտված կողմը մարզպետի հետ որոշել էր այդ կերպ գիտական հարցը լուծել: Միայն ստոր հոգիներն են ասում, թե Սուրիկ Խաչատրյանն է իր մահափորձի հեղինակը, թե չէ կպչելու էր: Հայերը ե՞րբ են իրենց մարգարեներին հասկացել:
Շատ չէ՞ այսքան բուռն կյանքը մի փոքրիկ երկրի համար, որտեղ սովորաբար ոչինչ չի կատարվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ալիևն էլ Ռիգա չգնաց: Հիմա ի՞նչ ենք անելու:

Դիտվել է՝ 1711

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ